Արցախյան առաջին պատերազմում զինադադարի տարեդարձի օրը Ադրբեջանը ձեռնարկել է հերթական սադրանքը. իրավիճակը սրվել է Սյունիքում։ Մարտերի մասին լուրերն արագորեն հերքվել են, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն է ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր  առաջացել դեպի Վերիշեն բնակավայր, ընդ որում՝ հարյուրներով։ «Եթե GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ»,- գրել է նա։

Գորիսի քաղաքապետի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանն ահազանգել է, որ  հակառակորդը փորձում է տեղակայվել առաջ եկած վայրում։ «Սեւ լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիեւանիկոլական քարտեզներով. այնտեղի արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգումը, ի դեպ ջրամբարի ամբարտակը հենց այդ քարտեզներով անցել է թուրքին»,-  գրել է նա։

Ռուս խաղաղապահներն բանակցություններ են վարել՝ փորձելով լուծել խնդիրը։ Մենուա Հովսեփյանն ավելի ուշ ասել է, որ ադրբեջանցիները մի փոքր հետ են գնացել։

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել, որոնք դադարեցրել է հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։

ՊՆ հաղորդագրությանը հակասող հայտարարությունէ  արել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ պնդելով, որ հակառակորդը ոչ թե առաջ է եկել, այլ մոլորվել է։

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են»,– ասել է նա։

Այսօր նաև տեղեկություն տարածվեց, թե թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում: Տեղի բնակիչները տեղեկացրել են, որ ադրբեջանցիները սարի վրա իրենց հենակետերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքները, և խրամատներ են փորում։

Ավելի ուշ պարզվեց, որ ադրբեջանցիների շարժը պլանավորված է եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով, քանի որ ձմռանը հակառակորդը չի կարողացել դիրքավորվել նոր սահմանին, ձնհալից հետո սկսել են դիրքեր տեղադրել։ Այնուամենայնիվ, Վարդենիսի համայնքապետը ընդունել է, որ  ադրբեջանցիները կողմից իրենց դիրքերում հաստատվելու գործընթացի ժամանակ 300 մետր հատել են սահմանը, բայց հայկական կողմի միջամտությունից հետո հետ են գնացել։

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զայրացրել են մարտերի ու վիրավորի մասին լուրեր տարածողները, որոնք, ըստ նրա, առիթից օգտվելով այդ լարվածությունը ճոխացրել են։ Վիրավորներ և կրակոցներ չկան և չեն էլ եղել, ասել է նա։

Հիմա Սյունիքում ընթանում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման պրոցես, ասել է Քոչարյանը և նկատել, որ սա վերջին այսպիսի դեպքը չի լինի։

«Ադրբեջանցիները եկել էին ինչ-որ բարձունքի վրա և ասում էին, որ մերն է այս բարձունքը։ Էլի են լինելու այսպիսի դեպքեր։ Մի տեղ մենք ենք առաջ գնալու, իրենք են շուխուռ անելու, և մյուս անգամ էլ հակառակը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Մայրաքաղաքային տրանսպորտային հաղորդակցությունն առավոտից կաթվածահար էր եղել. Ջրվեժի եւ Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների եւ երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք բողոքել են, որ տեւական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում: Մեկ ամիս է, նման խնդիր ունեն եւ որոշել են իրենց ձայնը բարձրացնել: Վարորդները հայտնել են, որ վառելիք մատակարարող ընկերությունը CPS-ն է, որը շատ վատ է մատակարարում:

Ժամեր անց քաղաքապետարանից հայտնել են, որ CPS-ի հետ քննարկում են խնդիրը լուծելու հնարավորությունը։

Իր հերթին ՍԻՓԻԷՍ–ը պարզաբանել է՝ վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը քաղաքապետարանի անբարեխիղճ վարքագիծն է։ «Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարվում և չեն ընդունում պարտքերը ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին»,– ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Վարչապետի աշխատակազմին անցած՝ պատերազմական տարվա ընթացքում, 363 միլիոնից ավելի դրամի պարգևավճար է տրվել. ընդ որում, մի խումբ աշխատակիցներ իրենց աշխատավարձից բարձր պարգևավճարներ են ստացել: Բացահայտւմն արել է Հաշվեքննիչ պալատը։ Ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին.  500 աշխատակցի վճարվել է 235, 5 միլիոն դրամ։ Հաշվեքննության հեղինակները միաժամանակ արձանագրում են, որ պարգեւատրման մասին վարչապետի որոշումը հակասում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության օրենքին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը կղեկավարի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նա արդեն համակարգում  էշտաբի աշխատանքը, վատառողջության պատճառով՝ հիվանդանոցից կամ տնից։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը NEWS.am-ին հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի  պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։

Կենտրոնի համայնքապետի տեղակալ Արմեն Ազիզյանին եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանին, որոնց մասնակցությամբ նախօրեին թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, մեղադրանք է առաջադրվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ  Արմեն Ազիզյան ու 11 այլ աշխատակիցներ մտել են քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, վիճաբանել, ապա ծեծի ենթարկել։ Նրանցից մեկը համակարգչի ստեղնաշարով է հարվածել բաժնի պետի գլխին, մեկ ուրիշը կոտրել համակարգիչը, պատճառելով  1,5 միլիոն դրամի վնաս:

ԱԱԾ քննչական դեպարտամենտն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կատարած պետական դավաճանության գործի նախաքննությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեղադրվողին տարիներ առաջ Վրաստանում հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունները, որոնցից ստացել է առաջադրանքներ, հավաքել և պահել է Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամուն փոխանցել փաստաթղթեր ու տեղեկություններ, ստացել վարձատրություն:

Առնվազն 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա է զոհվել, եւս 296 մարդ վիրավորվել է Իսրայելից Գազայի հատվածի գնդակոծության հետեւանքով, որը շարունակվում է մայիսի 10-ից: Պաղեստինի հրթիռակոծությունից զոհվել է 5 իսրայելցի, կան վիրավորներ։ Սրվել են նաեւ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները. Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»։

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը առաջադրվել է հունիսին կայանալիք նախագահի ընտրություններին:  Հիշեցնենք, որ 2016-ին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին արգելել էր նրան առաջադրվել, թեեւ նա, այնուամենայնիվ, գրանցվել էր: Ի վերջո, պահապան խորհուրդը որակազրկել էր նրան: Թեեւ Խամենեին ասել է, թե ոչ մի թեկնածուի դեմ չէ, բայց ընտրական խորհուրդը կրկին կարող է արգելափակել նախկին նախագահի թեկնածությունը: Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնավարել է 2005-ից 2013 թվականներին, Հայաստանի պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանի հետ բացել Իրան-Հայաստան գազամուղը:

Սիսիանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ միայն վերջին 4 օրերին ջրից թունավորվել է շուրջ 300 քաղաքացի։ Բնակիչներն ունեցել են փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:  Թունավորվածների մեծ մասը անչափահաս են,  15-ը՝ մեծահասակ։  Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում։ Դրա վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ: Կատարվել են Սիսիանի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 219950 է: Մեկ օրում մահացել է 21 վարակակիր, որոնցից 5-ը մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5322 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով, հասել է 522.27 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.31 դրամով ու կազմել 633.77 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.34 դրամով ու հասել 738.12 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 7.03 դրամ։

Հայաստանի առանձին վայրերում մայիսի 13-ին, օրվա երկրորդ կեսին, սպասվում է  կարճատեւ անձրեւ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:  Երեւանում տեղումներ չեն լինի: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան: