Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla-ն կասեցնում է բիթքոինի ընդունումը որպես վճարման միջոց՝ դրա ոչ էկոլոգիական ստացման մեթոդի պատճառով, հայտարարել է Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Tesla-ն կասեցրել է տրանսպորտային միջոցների վաճառքը բիթքոինի միջոցով: Մենք մտահոգված ենք բրածո վառելիքի, հատկապես ածխի կիրառման կապակցությամբ, որն ամենավատ արտանետումներն ունի բիթքոինի արդյունահանման եւ տրանզակցիաների համար»,- գրել է Մասկը Twitter-ում՝ հավելելով, որ դրանից բացի ընկերությունը չի վաճառի իր բիթքոինները՝ քանի դեռ կրիպտոարժույթի արդյունահանումը չի իրականացվում էներգիայի կայուն աղբյուրների օգնությամբ:

Միլիարդատերն ու ձեռներեցը նշել է նաեւ, որ կրիպտոարժույթները խոստումնալից ապագա ունեն, սակայն չի կարելի թույլ տալ, որպեսզի դրանց զարգացումը տեղի ունենա «շրջակա միջավայրի համար հսկայական գնի» հաշվին:

Փետրվարի 8-ին Tesla-ն հայտարարել էր, որ 1.5 միլիարդ դոլար է ներդրել բիթքոինի մեջ: Ընկերությունը մարտ ամսին հայտնել էր նաեւ, որ սկսում է բիթքոին ընդունել՝ որպես իր պրոդուկտների դիմաց վճարման միջոց: Ավելի ուշ Մասկն Tesla-ում բիթքոիններով ներդրումներն անխոհեմություն անվանեց: