Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն ներկայացվեց։

Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Բեգլարյանի պաշտպանի դիտարկմամբ՝ ընտրված խափանման միջոցը չի նպաստում սույն քրեական գործի արդյունավետ քննությանը. «Այսինքն՝ խափանման միջոցը լինի թե չլինի, սույն քրեական գործի քննության արդյունավետության վրա ունի դա զրո նշանակություն»։

Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ այն չհիմնավորված է, եւ ենթակա է մերժման։

«Բարսեղ Բեգլարյանն ակնհայտ հնարավորություն ունի դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով ստիպելու, որպեսզի դատավարության մասնակիցները ցանկալի ցուցմունքներ տան իր կամ այլ ամբաստանյալների օգտին։ Խափանման միջոցը չի կարող որեւէ կերպ վտանգել քրեական վարույթի բնականոն ընթացքն ու արդյունավետությունը։ Ավելին,  խափանման միջոցը հենց ուղղված է քրեական վարույթի բնականոն ընթացքի արդյունավետությանը»,- նշեց գործով մեղադրող դատախազը։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: