Եվրոպական ընկերությունները, որոնք ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո հրաժարվել են Իրանի հետ առեւտրից, կարող են կանգնել դատարանի առջեւ:

Ինչպե հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով ԵՄ բարձրագույն դատարանի խորհրդականի իրավական եզրակացությունը, Իրանի հետ աշխատող ընկերությունները կարող են իրավաբանական խնդիրների բախվել, եթե խզեն իրենց պայմանագրերն իրանական բանկերի կամ ընկերությունների հետ՝ բացառապես ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների պատաճառով:

2018-ին ԱՄՆ-ի միջուկային գործարքից դուրս գալուց հետո նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի շարք պատժամիջոցներ կիրառեց, որոնք նպատակ ունեին խանգարել ընկերություններին բիզնես վարել Իրանի հետ:

Եվրոպական շահերը պաշտպանելու եւ Իրանի տնտեսությանն օգնելու համար ԵՄ-ն ԵՄ ընկերություններին պաշտպանող «արգելափակող օրենք» մտցրեց: Սակայն շատ խոշոր ընկերություններ, որոնք բիզնես են վարում նաեւ Միացյալ Նահանգներում, նախընտրեցին դադարեցնել իրենց պայմանագրերն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելուց խուսափելու համար:

Գերմանիայում իրանական Melli բանկը դատական հայց է ներկայացրեց Telekom Deutschland-ի դեմ այն բանից հետո, երբ հեռահաղորդակցական ընկերությունը, առանց բացատրության խզեց պայմանագիրն իրանական բանկի Համբուրգի մասնաճյուղի հետ:
Իրավական կարծիքով՝ խորհրդական Ջերարդ Հոգանը հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները պետք է հիմնավորեն, թե ինչու են խզում գործարար կապերն իրանական բանկերի եւ բիզնեսի հետ:

Եզրակացությունը պարտադիր չէ, բայց Եվրոպական դատարանը հաճախ է հետեւում նման իրավական ցուցումներին եւ կարող է դա նորից անել, երբ առաջիկա ամիսներին Լյուքսեմբուրգի դատարանը վճիռ կկայացնի Իրանի խոշորագույն Bank Melli-ի գործով:
Հոգանը «կարծում է, որ Telekom Deutschland-ը պետք է օբյեկտիվ պատճառ ներկայացնի. բացի նրանից, որ Bank Melli Iran բանկի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, որոնք արդարացնում են քննվող պայմանագրերի խզումը»:

Telekom Deutschland-ը հայտարարում է, որ դրա շրջանառության կեսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, եւ պնդում է, որ ԵՄ արգելափակող օրենքը չպետք է խանգարի պայմանագրի՝ առանց պատճառի խզմանը: Սակայն Հոգանն ասում է, որ իրանական բանկերը կամ ընկերությունները կարող են դիմել ԵՄ ազգային դատարաններ՝ այդպիսի պայմանագրերի պահպանման համար: