Լիբանանի ներկայիս տնտեսական սխալ կառավարումը այն վերածել է «դեպի դժոխք գնացքի», որը «ուր որ է՝ կհասնի վերջին կայարան»: Այդ մասին CNBC-ին հայտնել է երկրի ֆինանսների նախարարության նախկին խորհրդական Անրի Շաուլը:   

Շաուլը, որը կառավարությանը խորհրդատվություն էր տրամադրում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների ժամանակ, անցյալ տարվա հունիսին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Լիբանանը չկարողացավ իրականացնել ԱՄՀ-ի օգնությունը ստանալու համար անհրաժեշտ բարեփոխումները: 

«Այս կառավարությունն անօգուտ է Լիբանանի ապագայի համար», - ասել է նա: «Շատ պարզ է, որ Լիբանանում հին բիզնես մոդելը, կառավարման հին մոդելը ամբողջությամբ ձախողվել են շատ մակարդակներում»: 

Լիբանանը 1975-1990 թվականների արյունալի քաղաքացիական պատերազմից ի վեր բախվում է ամենածանր ճգնաժամին: Վերջին 18 ամիսների ընթացքում լիբանանյան արժույթը կորցրել է իր արժեքի 90 տոկոսը, իսկ պարենային ապրանքների գնաճը հասել է 400 տոկոսի:  

Երկիրը մեծապես տուժել է նաեւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով՝ գրանցվել է վարակի ավելի քան 533.000 դեպք եւ ավելի քան 7500 մահ: Մինչ օրս պատվաստվել է բնակչության ընդամենը 7 տոկոսը:

Առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են դեղամիջոցները, սնունդը եւ վառելիքը, սուբսիդիաները սկսում են չեղյալ համարվել՝ երկրի սպառվող օտարերկրյա ռեզերվները վերականգնելու համար: