Լոնդոնում կնախընտրեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, քան բացառապես ռուսական զորակազմ: Այս մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտարարել է «ականապատ դաշտերի քարտեզների եւ ռազմագերիների փոխանակման եւ մշակութային ժառանգության նկատմամբ փոխադարձ հոգածության անհրաժեշտության մասին, որը յուրաքանչյուր կողմ փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով՝ իր առաջնությունը տարածաշրջանում ապացուցելու համար»:

Ըստ նրա՝ Բրիտանիան կնախընտրեր, որպեսզի հրադադարի շուրջ բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ զորակազմը միջազգային լիներ: «Մենք պետք է ուսումնասիրենք [ՌԴ խաղաղապահ ուժերի] մանդատը, ավարտենք այդ մանդատը: Ի՞նչը կարող է [ռուսական առաքելության] այլընտրանք լինել, ի՞նչը կարող է դրան հաջորդել»:

Ընդ որում, նա դրական է գնահատեց տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բացման եւ տնտեսական համագործակցության վերաբերյալ Բաքվի, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ եռակողմ բանակցությունների օրակարգը:

Դիվանագետը խոստովանել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնում: «Ի վերջո, վերջնական կարգավորման՝ խաղաղության պայմանագրի հարցը, պետք է լուծվի, եւ Մինսկի խմբի համանախագահները պետք է դեր խաղան դրանում», - ասել է Շարփը:

Բրիտանիայի ջանքերը, որն այս խմբի մեջ չի մտնում, ուղղված են պատերազմի հետեւանքների հաղթահարմանը եւ տարածաշրջանում գործող մարդասիրական եւ միջազգային կազմակերպություններին աջակցմանը, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ընդգծել է դիվանագետը: