Նախկինում` Libra, այժմ՝ Diem կոչվող թվային արժույթի նախագիծը, որին աջակցում է Facebook-ը, իր գործարքները Շվեյցարիայից տեղափոխում է ԱՄՆ: Դոլարի հետ կապված կրիպտոարժույթի գործարկումը նախատեսվում է այս տարվա վերջին, հայտնում է AP-ն:

Diem-ը հետ է կանչում նաեւ Շվեյցարիայի ֆինանսական շուկաների վարչությունից վճարային համակարգի լիցենզիա ստանալու իր դիմումը, որը մինչ այժմ չի ստացել:

Diem ասոցացիան, որը ներառում է Facebook-ը եւ 25 այլ ընկերություններ, հայտարարել է, որ համագործակցում է Silvergate Capital Corp.-ի հետ` ԱՄՆ դոլարի հետ կապված «սթեյբլքոին» գործարկելու համար:

«Սթեյբլքոինը» թվային արժույթ է, որն ապահովվում է իրական ակտիվներով, ինչպիսիք են ազգային արժույթները կամ այլ ապրանքներ: «Սթեյբլքոին»-ի գինը չպետք է շատ տատանվի: