Ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որոնք իրացվեցին մայիսի 12-ին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Կոտայքի և Արմավիրի մարզի երկու բնակիչ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք գողացել էին Փոքր Վեդիի «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության ոռոգման ջրերը սնուցող կայանի պղնձե մալուխները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 23-ի գիշերը գողացել են նույն ընկերության Վեդու տեղամասի ոռոգման ջրերի խորքային պոմպերը հոսանքով սնուցող կայանի պղնձե մալուխներ: Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։