Դուշանբեում մայիսի 19-ին ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նիստին կմասնակցի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ մտքերի փոխանակություն է սպասվում միջազգային իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ` կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա ազդեցության գնահատականներով, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ: Նրա խոսքով, պատվիրակությունների ղեկավարները պետք է հաստատեն որոշումներ, որոնք այնուհետեւ կներկայացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի աշնանային նստաշրջանում: Նախատեսվում է ընդունել մի շարք համատեղ հայտարարություններ միջազգային օրակարգի արդիական հարցերի, ինչպես նաեւ շահագրգիռ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության վերաբերյալ: