Մոսկվան ակնկալում է կենսաբանական անվտանգության ոլորտում հուշագրեր ստորագրել ՀԱՊԿ եւ ԱՊՀ բոլոր երկրների հետ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ առանցքային տարրերից մեկը` ոչ միակը, այլ կենտրոնականներից մեկը, ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների հետ համապատասխան պայմանագրային-իրավական դաշտի ձեւավորումն է: «Այդ նպատակով մենք հետամուտ ենք նշված միությունների երկրների հետ երկկողմ միջկառավարական հուշագրերի կնքմանը` կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով»,- ասել է դիվանագետը: «Ակնկալում ենք նման փաստաթղթերի ստորագրում ՀԱՊԿ եւ ԱՊՀ բոլոր պետությունների հետ»:

Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ նմանատիպ համաձայնագրեր են կնքվել Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Հայաստանի հետ: Նրա խոսքով՝ այդ հուշագրերը ծանրակշիռ ներդրում ունեն ստորագրող պետությունների հետ բարեկամական հարաբերությունների եւ կենսաբանական անվտանգության ամրապնդման գործում եւ նպաստում են նրանց համագործակցության զարգացմանը բժշկակենսաբանական, սանիտարահամաճարակային, անասնաբուժական եւ բուսասանիտարական ոլորտներում:

«Հուշագրերի նպատակների եւ դրույթների օպտիմալացման համար, իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համար մենք նախատեսում ենք ստեղծել երկկողմ խորհրդատվական ձեւաչափեր՝ կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ»,- հավելել է դիվանագետը: