ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝  հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն էր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը եւ ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք են եղել, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը:

Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետեւանք են  նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի եւ դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ  գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ եւ գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղությամբ: