Ադրբեջանն այսօր նույնպես սադրանքի է դիմել Սյունիքում և Գեղարքունիքում։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը, պատճառաբանելով, թե սահմանների ճշգրտում են իրականացնում, կրկին փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ մեր զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու։

Փաշինյանը վերջին 24 ժամվա մեջ անվտանգության խորհրդի երրորդ նիստը հրավիրեց, որի ընթացքում հայտարարեց ՝ այս պահին Սյունիքում և Գեղարքունիքում 250 ադրբեջանցի զինվորական գտնվում է Հայաստանի սահմանների ներսում։ Ստեղծված իրավիճակում Փաշինյանը անհրաժեշտ է համարում դիմել ՀԱՊԿ–ին։

Ի դեպ, ԱՆվտանգության խորհրդի նիստին ներկա էր նաև Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ինչը տարակուսանք է առաջացրել հասարակության շրջանում։ Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նախօրեին Սիսիանում զանգվածային թունավորումը ադրբեջանցիների ձեռքի գործն է։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, միայն նշվել է, որ մոտ 370 քաղաքացիների թունավորման պատճառը ջրից տարածված աղիքային վարակն է։

Նախօրեին Սյունիքի դեպքերով անհանգստացած քաղաքացիներին նախ անորոշության մեջ պահելուց, ապա կցկտուր պաշտոնական տեղեկություն տարածելուց հետո, ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ հայտարարեց, թե առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր եւ փորձում են պարփակել Սև լիճը:

Փաշինյանն ասել է, որ մեր զինված ուժերը իրականացրել են մարտավարական տեղաշարժեր, բայց՝ առանց զենքի կիրառման: Իսկ ադրբեջանցիները փորձում են իրենց գործողությունները հիմնավորել ինչ-որ քարտեզներով, որոնք, նրա խոսքով, մտացածին և կեղծ են: «Հայաստանը չի կարող համակերպվել ստեղծված իրավիճակի հետ», ասել է նա, ապա ավելացրել, որ առաջնային ծրագիրը բանակցություններով խնդիրը լուծելն է: Փաշինյանը հերքել է  Սյունիքում կրակոցների, մարտական գործողությունների մասին տեղեկությունները, միաժամանակ՝ ընդունել է՝  ստեղծված իրավիճակը ճգնաժամային է։

Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է՝ ասել է Փաշինյանը, և հատուկ ընդգծել՝  հարց է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորներին հաջողվել  անարգել հասնել Սեւ լիճ: Ընդ որում, այս նիստին Փաշինյանը որևէ բառ չասաց Վարդենիսում հակառակորդի առաջխաղացման վերաբերյալ տեղեկությունների մասին։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն այսօր NEWS.am-ին տեղեկացրել է, որ երեկվա բանակցություններն արդյունք չեն տվել։ «Մեր կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը», փոխանցել է նա։

Թեև երեկ առավոտից տեղեկություններ էին տարածվում, որ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը նույնպես սադրանքի է դիմել ու առաջ եկել, ոչ ՊՆ–ը, ոչ էլ կառավարության որևէ ներկայացուցիչ այս թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չարեց ամբողջ օրվա ընթացքում։ Ավելին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցրեց, թե իրենց մարզում միջադեպ չկա, հակառակորդն ընդամենը ձնհալից հետո եկել է ճշգրտելու սահմանները։

Մինչդեռ այսօր NEWS.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը հաստատեց՝ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդն առաջխաղացում է ունեցել, հատել է սահմանն ու առաջ եկել, հայկական Զինված ուժերին հաջողվել է կասեցնել նրանց առաջխաղացումը, բանակցություններից հետո նրանք մի փոքր նահանջել են, բայց ոչ իրենց նախնական դիրքեր։ Այստեղ նույնպես ադրբեջանցիները քարտեզներ են ցույց տվել, իբր տարածքն իրենցն է ու պնդել, որ պետք է առաջանան։ Ի դեպ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ երեկ փորձել էր ադրբեջանցի առաջխաղացումը ներկայացնել որպես մոլորվելու հետեւանք։ 

Կառավարության նիստն այսօր նույնպես սկսվել է Սյունիքի դեպքերին անդրադարձով։ Փաշինյանը կարճ ներկայացրել է իրավիճակը, ապա անցել օրակարգային հարցերի քննարկմանը, որից անմիջապես հետո Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նիստը կիսատ է թողել և շտապ հեռացել շենքից։ Ավելի ուշ ԱԳՆ–ից պարզաբանել են, որ Այվազյանը շտապ զանգ է ստացել։ Դուրս գալիս նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից բառի բուն իմաստով ճողոպրել է գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ինչը տարակուսանք է առաջացրել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որը Փաշինյանը ճգնաժամային էր անվանել։

Սյունիքում տեղի ունեցողը NEWS.am-ի հետ զրույցում խայտառակություն է որակել Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ «Այդ իշխող բարձունքն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ մայրուղին, որը Սարավանից տանում է մինչեւ Գորիս, այնուհետեւ Կապան։ Այդ ամբողջ տարածքը սյունեցիների համար նաեւ որպես արոտավայր է ծառայում»,- ասել է գեներալ-գնդապետը։ Նրա խոսքով՝ պետական սահմանը հատած հակառակորդին կարելի էր գերի վերցնել, ոչ թե նրա հետ բանակցել։ «Կանխարգելիչ քայլեր էին պետք։ Բարձունքի կարեւորությունից ելնելով՝ մենք այնտեղ պետք է վաղուց դիրքավորված լինեինք»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Արցախի նախագահի նախկին խորհրդական, վերլուծաբան Տիգրան Աբրահամյանի կարծիքով, վարչապետի գիշերային նիստն ու հնչեցրած գնահատականները ցույց են տալիս, որ սա զուտ պետական սահմանի խախտում չէ, հեռահար նպատակներ ունի, եւ եթե նույնիսկ ադրբեջանական զորքերը վերադառնան նախկին դիրքեր, ապա ենթադրելի է, որ զիջում կլինի մեկ այլ ճակատում՝  սահմանային կամ քաղաքական հարցերում։ Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչ միայն տեղային խնդիր է լուծում՝ բարենպաստ դիրքավորում, Սև լճի՝ ջրային պաշարների վրա վերահսկողության հաստատում, այլեւ Հայաստանի հանդեպ ճնշման նոր ազդեցիկ գործիք է ստանում։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը կհեռանա։ Նրան կփոխարինի 54-ամյա գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը, որն իր պարտականությունները կստանձնի մինչեւ մայիսի վերջ: Մուրադովի ժամկետը լրանում էր, բայց նրա պաշտոնավարումը կարող էր երկարաձգվել։ Սակայն, ըստ մամուլի, հայկական կողմը նրանից դժգոհել է այն բանից հետո, երբ Մուրադովը Հայաստանի իշխանություններին էր մեղադրել գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ տեղեկություն տարածելու համար։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 220 հազարից: Փաստացի այս պահին բուժվում է 8 հազարից ավելի վարակված։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 քաղաքացի։ Մահացածների ընդհանուր թիվը 5341 է։

Իսրայելն ու Պաղեստինի Գազայի հատվածը շարունակում են հրթիռակոծել միմյանց տարածքները. իսրայելցիները թիրախավորել են «Համասի» օբյեկտները, այդ թվում այդ շարժման ղեկավարի տունը, արաբները՝ Իսրայելի ռազմավարական օբյեկտները։ Իսրայելը պատրաստվում է անցնել ցամաքային գործողությունների։ Իրավիճակը սրվել էր անցած շաբաթ օրը, երբ Արեւելյան Երուսաղեմում լայնածավալ բախումներ տեղի ունեցան պաղեստինցիների եւ իսրայելական ոստիկանության միջեւ:

Հայաստանի հավաքականի պաշտպան եւ թիմի փոխավագ Վարազդատ Հարոյանն, ըստ ամենայնի, կարիերան կշարունակի Իսպանիայի Լա Լիգայում։ «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն հայտնել է, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպանի հետ, սակայն թեեւ անուն չի նշել, մյուս բոլոր աղբյուրները պնդում են, որ դա Հարոյանն է։ Իսպանիայի առաջնությունը համարվում է աշխարհում ուժեղագույններից մեկը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.83 դրամով, հասել է 523.10 դրամի:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.60 դրամով ու կազմել 631.17 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.47 դրամով ու կազմել  733.65 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  7.03 դրամ 1 ռուբլու դիմաց:

Հայաստանի որոշ տարածքներում վաղը ցերեկը սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +28 +30: