Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը: Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անձնակազմը ժամանել են Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազա, հայտնում է The Hill-ը:

«Մենք այդ մարդկանց տեղափոխելու մասին որոշումը համաձայնեցրել ենք այն մեր իսրայելցի գործընկերների հետ,- ասել է Քիրբին:- Նրանք Իսրայել էին եկել պլանավորման սովորական միջոցառման համար, որը կապված էր առաջիկա զորավարժությունների հետ»:

Պլանավորման համաժողովը, որը սովորական պրակտիկա է ցանկացած խոշոր զորավարժության մանրամասների մշակման համար, նախատեսվում էր ավարտել շաբաթվա վերջին, սակայն Պենտագոնը մի քանի օրով արագացրել էր անձնակազմի մեկնումը: