Ես ոչ մի կերպ չեմ հաշտվում այս իրականության հետ, որ հայ ժողովուրդն այն աստիճան է բթացել ու կորցրել իր դիմադրողականությունը, որ իր ճակատագիրը հանձնել է մի պաշտոնազրկված ապաշնորհ խեղկատակի, որն ինչ ուզում անում է մեր բոլորի, մեր երկրի, մեր ճակատագրի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես կարելի է այդ ամենը հանդուրժել։ Որքան ժամանակ է տագնապահար աղաղակում ենք, որ պատերազմում պարտված ղեկավարի ամեն օրը աղետ է բերելու, որ նրա իշխանության ղեկին մնալը նոր պատերազմի և կորուստների պատճառ է դառնալու, որ անիշխանության մեջ հայտնված երկիրը վտանգված է։

Պետք է դուրս գալ պայքարի։ Ի՞նչ ընտրություն, ի՞նչ իշխանություն․․․

Լրջանալ է հարկավոր։ Հայաստանում գործում է մեկ խեղկատակի իշխանություն։ Գոյություն չունի այդ իշխանության հակակշիռ ոչ մի ինստիտուցիոնալ կառույց։ Կառավարությանը վերահսկող խորհրդարան չի եղել ու չկա։ Խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի, դրանք տարբեր շահերով իշխանությունը զավթած դավաճանի հետ կապված և կաշկանդված երևույթներ են։ Կյանքը ցույց տվեց, որ զինված ուժերի ղեկավար կազմը, անվտանգային և իրավապահ մարմիններն անդեմ, անուղեղ ու անողնաշար արարածներ են, որոնք չեն կատարում իրենց սահմանադրական և օրինական խնդիրները և վերածվել են խեղկատակի կամակատարների։ Երկրում չկա ոչ դիվանագիտություն, ոչ անվտանգություն, ոչ օրինականություն։ Կա մի կիսագրագետ, անփորձ, տգետ խեղկատակ, որն աններելի հանցանքներից հետո իր գոյության փաստն արդեն համարում է իր գործողությունների ներման արձանագրում ու շարունակում գործել նոր սխալներ ու հանցանքներ։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին։ Այսինքն, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսին Տավուշում սահմանային ակտիվ մարտական գործողությունների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու անվտանգային սպառնալիքներ ու անհրաժեշտություն չի եղել, հիմա՞ է առաջացել։ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո պետությունների ղեկավարների մակարդակով առաջին արձագանքը ստացվում է ոչ թե կազմակերպության անդամ երկրներից, այլ Ֆրանսիայից։

Ոչ ոք այդ դիմումին լուրջ չի վերաբերվի։ Սա հերթական խայտառակությունն է։ Պետք է ամեն գնով ազատվել այդ փորձանքից, պահն օրհասական է։ Միթե մարդիկ դա չեն զգում ու չեն գիտակցում։ Սա հրահրում է նոր պատերազմ՝ իր բոլոր հետևանքներով։

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, բոլոր քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն։ Այս խեղկատակը կործանում է մեր պետությունն ու բնաջնջում մեր ժողովրդին։ Մենք դեռ ուժ ունենք ամեն ինչին դիմակայելու համար։ Բայց այդ ուժն առաջին հերթին պետք է ծառայի այդ փորձանքից ազատվելու, այնուհետև մնացյալ խնդիրները լուծելու համար։

Այլևս ամեն րոպեն կարևոր է։