Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ Կրեմլի եւ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրություններում տարբերություններ կան:
Կրեմլի հաղորդմամբ՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ին ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը շարունակվել է:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունն, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի խիստ պահպանման մասով:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու եւ Երեւանի եւ Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության եւ փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային եւ նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»:

Մինչդեռ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է զրույցի իր տարբերակը:

«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Սյունիքի մարզի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում առաջացած իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաեւ, որ մայիսի 13-ին նա հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անընդունելի է համարել հետագա սրացումը եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկայունանա եւ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն դրա համար՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի իրականացման համար: Ռուսական կողմը վերահաստատել է իր մտադրությունը շարունակել ակտիվ միջնորդական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման:

Զրուցակիցները համաձայնել են, որ ստեղծված իրավիճակից ելքը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի նախնական դիրքեր վերադարձով»: