Վարդենիսում ադրբեջանցիները շարունակում են մնալ այն դիրքերում, որտեղ արդեն դիրքավորվել են. ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում ադրբեջանցիներն առաջ են եկել առացն կրակոցի, առանց զինված հարձակման: Ու մենք դեռ որեւէ գործողություն չենք իրականացնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ես դեռ երկու շաբաթ առաջ վարչապետից հետաքրքրվեցի սահմանների կահավորման մասին, եւ ասացի, որ չի արվում որեւէ աշխատանք, մենք չունենք խրամատներ, չունենք կահավորված առաջնագիծ, մենք անվտանգ միջավայր չունենք: Փոխարենը ստացա ագրեսիվ պատասխան, հետո ֆեյքային ու ոչ ֆեյքային հարձակումներ, թե ես ադրբեջանական ուժերին տեղեկություններ եմ ուզում հաղորդել իմ հարցով:

Ով եղել է առաջնագծում, գիտի, որ ադրբեջանական զինուժը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներից: Նրանք իրենց աչքով տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմանին: Նրանք տեսնում են՝ մենք ունենք խրամատ, թե չունենք, որտեղ ենք քնում, արթնանում, ամեն բան տեսանելի է: Եվ երբ հարց է բարձրաձայնվում, փոխանակ հետեւություններ արվեն, ծաղրանքի միջոցով փորձ արվեց անլրջացնել հարցը: Հիմա ես ուզում եմ այդ հարցը նորից բարձրաձայնել՝ ինչպե՞ս է ստացվել, որ թշնամին մտել է Հայաստանի տարածք, ինչու չենք կարողացել պաշտպանվել»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարություններին, ըստ որի չեն կարող միանգամից ամբողջ առաջնագիծը կահավորել, կամաց-կամաց էին անում, եւ ադրբեջանցիները կարողացել են ներս մտնել այն հատվածներում, որտեղ կահավորված չի եղել:

«Բա իմ հարցն էլ էր այդ մասին: Վարչապետն ասում ՝ ոչինչ կանենք, բայց ե՞րբ կանեք, մտել են մեր տուն: Իրենք հիմա Վարդենիսի տակ են, եթե էլի առաջ գան, ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել, իսկ իրենք հանդգնություն ունեն առաջ գալու, եւ որեւէ դիմադրության չեն հանդիպում»: