Առողջ արկածախնդրություն, դրայվ, գործարար ոգի եւ օրը 24 ժամ աշխատանք. հաջող ստարտափի Մուշեղ Սահակյանի բաղադրատոմսի հիմնական բաղադրիչներն են. «Այնպես չէ, որ վախ գոյություն չունի... Բայց ռիսկի դիմելու, հարմարավետության գոտուց դուրս գալու ցանկությունը շատ կարեւոր է այն գործարարի համար, որը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել ամեն ինչ», ասում է նա:

Հինգ տարի առաջ Մուշեղ Սահակյանը Հայաստանում գործարկեց Yandex.Taxi-ն, որն այնուհետեւ ոչ միայն երկրում տաքսիների առցանց պատվիրման հիմնական ծառայությունը դարձավ, այլեւ՝ լրացուցիչ եկամտի աղբյուր հազարավոր տեղացիների համար, որոնք ի վիճակի չէին լուծել ընտանիքների կենսապահովման խնդիրը  հիմնական աշխատանքից ստացած գումարով: Մուշեղը ղեկավարել է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման բաժինը, իսկ այժմ Նյու Յորքում մթերքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների արագ առաքման «1520» ստարտափի համահիմնադիրն է:

NEWS.am-ի հետ զրույցում Մուշեղ Սահակյանը խոսել է իր փորձառության մասին, թե ի՞նչ է անհրաժեշտ հաջող ստարտափի համար, ինչպիսի՞ ռիսկերի պետք է պատրաստ լինի ստարտափերը եւ շատ ավելին: Սահակյանի եւ Yandex.Taxi-ից նրա նախկին գործընկեր Օլեգ Շեւլյագինի հիմնադրած «1520» ընկերությունը 15-20 րոպեում մթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ է առաքում. «Մենք առաջինն ենք Մանհեթենում: Այժմ մեր առաքումն իրականացվում է Upper East Side-ում եւ Upper West Side-ում, բայց մոտ ապագայում մենք նախատեսում ենք տարածվել ամբողջ Մանհեթենով», - ասել է Մ. Սահակյանը:

Երիտասարդ ընկերությունը, որի մասին վերջերս գրեց Wall Street Journal-ը, արդեն 7.8 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել.

«Ամբողջ կյանքում ես ստարտափներով եւ բիզնեսների գործարկմամբ եմ զբաղվել. օրինակ, «Յանդեքսից» առաջ ես Հայաստանում գործարկեցի «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության մասնաճյուղը: Yandex.Taxi-ն, չնայած Yandex-ի մաս է հանդիսանում, սակայն ամբողջ էությամբ ստարտափի էր նման, առավել եւս՝ իր միջազգային տարածման ուղղվածությամբ: NASDAQ-ում ներկա մի հսկայական կորպորացիայի ներսում՝ ստարտափ։ Yandex.Taxi-ի գործարկումը Հայաստանում այնքան հաջող էր, որ ինձ վստահվեց սերվիսի ամբողջ միջազգային զարգացումը: Մենք հասանք Իսրայել, Ֆինլանդիա, Գանա, Կոտ դ'Իվուար. «Յանդեքսի» ոչ մի այլ սերվիս այդքան հեռու չկարողացավ գնալ: Միեւնույն ժամանակ, մի քանի երկրում իմ թիմը ղեկավարում էր Uber բրենդը՝ Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Yandex.Taxi-ի և Uber-ի բիզնեսների միաձուլումից հետո»,- նշել է Սահակյանը:

«Ժամանակի ընթացքում Yandex.Taxi-ն կայացած բիզնես դարձավ, այն ժամանակ ընկերությունը մտածում էր մուտք գործել արժեթղթերի բորսա՝ Yandex-ից զատ: Իսկ քանի որ բնույթով ավելի շատ ստարտափներ գործարկող եմ, ես անցա Մոսկվայում Yandex.Taxi-ի բեռնափոխադրումների գործարկմանը, ինչը մենք հաջողությամբ արեցինք, իսկ դրանից հետո ես որոշեցի բոլորովին նոր նախագիծ սկսել: Ընդհանրապես այս գաղափարը (ապրանքների արագ առաքում - խմբ.) արդեն օգտագործվում է շատ երկրներում: Նույն «Յանդեքսը» Ռուսաստանում ու Իսրայելում գործարկել էր իր «Yandex.Lavka»-ն,  այժմ դիտարկում է Եվրոպան: Այնտեղ այս մոդելը նույնպես պոպուլյար դարձավ, հատկապես՝ լոքդաունի պայմաններում: Եվ ես ու իմ գործընկեր Օլեգ Շեւլյագինը որոշեցինք գալ Նյու Յորք եւ այստեղ սկսել մեր սեփական բիզնեսը»:

«Եթե ես ասեմ, որ վախ գոյություն չունի, այդպես չէ: Իհարկե, ցանկացած նորմալ մարդու մոտ այն կա: Բայց ռիսկի դիմելու, հարմարավետության գոտուց դուրս գալու պատրաստակամությունը շատ կարեւոր է գործարարի համար, որը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել ամեն ինչ: Ես եւ Օլեգը ներդրեցինք մեր բավականին զգալի խնայողությունները Նյու Յորքի առաջին պահեստում: Մյուս կողմից, երբ վտանգում ես սեփական փողերը, դա ստիպում է կշռադատել ռիսկերը եւ նվազեցնում սխալի հավանականությունը,- ասում է Սահակյանը:- Գործարար ոգին միանշանակ կարեւոր է: Գաղափարը պետք է մանրամասն մշակվի, հստակ բիզնես պլան, բյուջե, ֆինանսավորման աղբյուրներ են հարկավոր: Եվ աշխատել.... Պետք է աշխատել 24 ժամ եւ չվախենալ ամեն ինչ անել սեփական ձեռքերով: Ի վերջո, սկզբում կարեւոր չէ՝ թե ինչ փորձ ունեք: Դուք կարող եք լինել խոշոր ընկերության գլխավոր մենեջեր, գլխավոր գործադիր տնօրեն, բայց սկզբում ամեն ինչ պետք է անեք ինքներդ՝ գրասենյակում ինտերնետ անցկացնելուց մինչեւ պահեստում դարակաշարեր հավաքելը»:

Ըստ գործարարի՝ երբեմն գործընթացները կարող են անկանխատեսելի տեղեր տանել.

«Yandex.Taxi-ն գործարկելուց առաջ մենք երբեք չէինք եղել Կոտ դ'Իվուարում, մեզանից քչերը  ֆրանսերեն գիտեին: Աֆրիկայում տարբեր դրություններ էին լինում, լինում էին նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ կարող ես կորցնել կյանքդ»,- պատմում է Սահակյանը՝ հավելում, որ ազարտ եւ առողջ արկածախնդրություն ստարտափերին անհրաժեշտ են կրկնակի չափով:

Խնդրանքին՝ թվարկել այն անձնական որակները, որոնք իրեն օգնել են կյանքում եւ բիզնեսում, Մուշեղ Սահակյանն առաջին հերթին նշում է արձագանքելու արագությունն ու ճկունությունը, առաջնահերթություններն ու ծրագրերը միանգամից վերադասավորելու կարողությունը:

Կարեւոր է նաեւ «թույն դեմքերի» ընտրելու ունակությունը. Մուշեղը նշում է, որ ինքը թիմային խաղացող է: «Ես չեմ վախենում ռիսկի դիմել, պատրաստ եմ խելահեղ գործողությունների` ողջամիտ սահմաններում, ընդ որում, անհրաժեշտության դեպքում, երբ պետք է, միացնում եմ լրջությունն ու սիստեմատիկությունը: Եւ ամենակարեւորը՝ ամբողջությամբ նվիրվում եմ աշխատանքին: Շատ եմ տարվում, աշխատում եմ շուրջօրյա, չեմ կարողանում այլ բանի մասին մտածել»:

Այս հատկությունները տպավորում են նաեւ նրան շրջապատող մարդկանց: Հայաստանում Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն, Մուշեղի նախկին գործընկեր Ավետիս Գասպարյանը հիշում է, որ «Սահակյանը հենց այն մարդն է, որը ցանկացած բիզնես կարող է տեղափոխել 0-ից 1»: Ավետիսը կատակով պատմում է Մուշեղի տարվածության մասին, որը երբեմն նույնիսկ չափից շատ է ուրիշների համար, կարոտում է նրան, ու մաղթում մեծ հաջողություն նրա նոր նախագծին:

«Տպավորիչ է գլոբալ տեսնելու նրա ունակությունը. նա գիտի՝  ինչպես սիստեմատիզավորել գաղափարները, որոնք հենց նոր են ծագել ձեր գլխում եւ դեռ անիրատեսական են թվում: Կրեատիվության մասին՝ նա իսկական նվաճող է, որի համար ոչ մի պատնեշ, ոչ մի խոչընդոտ չկա, ու ցանկացած դետալ իր իդեալական ավարտին հասցնելու պրոցեսներում ներգրավում է յուրաքանչյուրին, ում կարիքն ունի, այդ թվում՝ իր շփման անձնական շրջանակից: նրա համառությունը հոգնեցուցիչ է, պրոցեսի ներսում՝ իդեալականացման ճանապարհին, ենթապրոցեսներ ստեղծելու նրա պահանջատիրությունը տաժանելի է, երբեմն հոգնում ես համառությունից, ինչ-որ բան անելու անընդհատ խնդրանքներից. բայց, միեւնույն ժամանակ, հոգուդ խորքում ունես այդ լատենտ խոստովանությունը, որ առանց նրա բիզնես անելը պարզապես տխուր է »: