Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մտահոգությունը նախագահ Պուտինը կիսել է: Եւ նախագահ Պուտինը հատուկ ընդգծել է եռակողմ [Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի] պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը: Առաջին հերթին այն դրույթի, որում խոսքը հրադադարի ռեժիմի անհրաժեշտության մասին է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկել են արդյոք Պուտինն ու Փաշինյանը ռազմական համագործակցության ընդլայնումը: