Հայաստանի նոր իշխանությունները պետական պարտքը ավելացրել են 2,5 միլիարդ դոլարով, բայց ի՞նչ են արել: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարց հնչեցրեց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին պարտքը մոտեցել է 9 մլրդ դոլարի, իսկ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է զարգացող երկրների համար վտանգավոր ցուցանիշների:

Հայաստանի տնտեսության զարգացման համար ամենակարեւոր խնդիրը, նրա գնահատականով, շարունակում է մնալ տնտեսության նեղ կառուցվածքը եւ իրացման նոր շուկաների բացակայությունը: Առանց այս ամենի չի կարելի լուրջ ներդրումների հույս ունենալ:

«Ներկայիս պայմաններում հայ արտադրողները, ըստ հանգամանքների տրամաբանության, ընդհանրապես չպետք է ջրի երեսին մնային, բայց նրանք կան: Իսկ հիմա պատկերացրեք՝ եթե զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծվեին»,- հավելեց փորձագետը:

Կարեն Ադոնցը բացատրեց, որ առանց զարգացման լուրջ ծրագրի սոցիալական ոլորտում որոշ հատվածական երեւույթների մասին հայտարարությունները հետապնդում են միայն քաղաքական նպատակներ: Առավել եւս՝ առջեւում ընտրություններ են։

Նա ընդգծեց, որ պղնձի համաշխարհային գները բարձրացել են մինչեւ 10 000 դոլար, ինչը նշանակում է, որ իր հումքի վաճառքից Հայաստանի եկամուտները, որոնք նախորդ տարի կազմել են 700-800 միլիոն դոլար, կկրկնապատկվեն:

«Սակայն դա չի վկայում տնտեսության զարգացման մասին: Դրա համար պետք են նոր արտադրական ոլորտներ եւ իրացման նոր շուկաներ»,- եզրափակեց տնտեսագետը: