Ադրբեջանը խախտելով Հայաստանի սահմանը խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը: Այս իմաստով մեր գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Առաջինն այն է, որ հենց ի սկզբնե, հատելու ժամանակ փորձ արվեր կանխել եւ հարված հասցնել, եթե չէին կանգնում: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել տեղակայվել են, հետո են հայտնաբերվել: Որովհետեւ պատերազմից հետո մենք ունենք շուրջ 540 կմ նոր սահման, որն, ըստ էության, ոչ բոլոր տեղերում է կահավորված եւ ոչ բոլոր տեղերում կան զորքեր կամ սահմանապահներ: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում ուժ կիրառել: Սակայն այս պահին եղած բանակցությունները, միջոցները, որոնք կիրառվում են, ճիշտ է, որովհետեւ պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:

Նա նաեւ ճիշտ քայլ համարեց ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետեւ անդամ պետության սահմանում հասունանում է  նոր էսկալացիա. «Ես շատ եմ քննադատել նախկինում, որ չեն դիմել, հիմա ասում եմ, որ ճիշտ են արել, որ դիմել են: Ակնհայտ է, որ սա ինձ համար ներքաղաքական բնույթի հարց չէ: Մենք անվտանգության հարցը, արտաքին թշնամու կողմից ստեղծված չգնաժամը որեւէ ձեւով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով, եւ կոչ ենք անում մնացած ուժերին անել նույնը: Որովհետեւ եթե թշնամին ոնտձգություն է իրականացնում մեր սահմանի նկատմամբ, ապա այդ սահմանը ՔՊ-ի սահմանը չէ կամ Նիկոլ Փաշինյանի սահմանը չի: Դա բոլորիս սահմանն է եւ բոլորս միասին պետք է մի մարդու պես կանգնենք, էդ սահմանը պահենք: Եթե բանակցելու գործ է, բանակցենք, կռվելու գործ է՝ կռվենք»,-նդգծեց ԼՀԿ ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ բոլոր միջխորհրդարանական բարեկամական խմբերին իրազեկել են, նաեւ խորհրդարանական միջազգային կառույցներին եւ արդեն տարբեր միջազգային կառույցներ արձագանքում են: «Եկեք շարունակենք աշխատանքը միջազգային հարթակներում, մեծացնենք ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, որ հետ քաշվեն: Եթե ոչ, ես կարծում եմ, հայկական կողմը որեւէ ձեւով չպետք է հանդուրժի եւ պետք է արդեն այլ միջոցների դիմել: Ադրբեջանը ոչ մի ձեւով չի հանդարտվելու, եթե տեսնի, որ այս դեպքը հանդուրժվեց թե մեր կողմից, թե ՀԱՊԿ-ի»,-ասաց նա: