Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությանը պաշտպանական կողմը պնդեց, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է հաղթահարեր Ռուբեն Վարդազարյանի  անձեռնմխելիությունը։

Մեղադրող դատախազն առարկելով պաշտպանների դիրքորոշման վերաբերյալ՝ նշեց, թե պաշտպանները չէին կարող բողոքարկել մեղադրանք առաջադրելու որոշումը։

Դատախազ Աշոտ Ժամկոչյանը, ներկայացնելով առարկությունները, բարձրացրեց դատարանի՝ անաչառության հարցը՝ նշելով, որ դեռեւս չի ստացել դատարանին՝ ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները մերժելու մասին որոշումը։

Մեղադրանքի կողմի պնդմամբ`  եղել է նախադեպ, որ մեղադրանքի որոշումը մինչդատական փուլում դատական վերահսկողության առարկա չեն հանդիսանում, ուստի՝ բողոքարկման ենթակա չեն։

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հարցադրում կատարեց, որ, եթե մեղադրանքը վերաբերում է դատավորի լիազորությունների իրականացմանը, իսկ անձն օժտված է անձեռնմխելիությամբ եւ նշված ընթացակարգերը պահպանված չեն, ապա արդյոք այդ պարագայում դատական վերահսկողության ներքո չէ՞։

 Դատախազն ասաց, թե այդ դեպքում դատարանը ստիպված կլինի ուսումնասիրել գործի նյութերը, մեղադրանքի հիմնավորվածությունը, ինչն արդեն կլինի դատավճիռ, մինչդեռ՝ այս փուլում դա իրականացվել չի կարող։

Նախագահող դատավորն էլ հետաքրքրվեց, թե առանց պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման՝ հնարավո՞ր է նրան մեղադրանք առաջադրել, ինչին ի պատասխան դատախազն ասաց, որ, ըստ օրենքի՝ ոչ, պետք է հաղթահարել անձեռնմխելիությունը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։