Բանակցությունները դեռ ընթանում են եւ այս փուլում Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ կանգուցալուծման մենք հասնելու ենք, որովհետեւ շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը՝ հավելելով, որ չնայած Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաև հնարավոր վատ զարգացումներին:

«Պետք է նաև պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ և բանակցութունների միջով բոլոր հարցերը կլուծենք»,– ասաց նա։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս կեղծ քարտեզներ, որոնք անհայտ ծագման են եւ որևէ աղերս չունեն իրականության հետ. «Փաստացի այդ քարտեզների հիմքով են իրենց սահմանապահ զորքերն առաջ է եկել: Բայց այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ուզում ձեռնարկել հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին։ Երեկվա ԱԽ նիստը և մեր դիմումը ՀԱՊԿ-ին, նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմներին է ուղղված»,- ասաց Ավինյանը։