ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի հանդիպել մեզ հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ փոխվարչապետն այս պահին Գորիսում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս կամ այն կերպ իրենք հասնելու են հանգուցալուծման, որովհետեւ շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը. «Մենք պետք է նաեւ պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»։

Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ իրենք ընդհանրապես ցանկություն չունեն Ավինյանի հետ հանդիպելու. «Իր ասածները ես լուրջ չեմ ընդունում։ Ավինյանը մեզ հետ չի հանդիպել, չեմ կարող ասել՝ այստեղ ինչ է անում, երեւի փիառով է զբաղված։ Մենք ընդհանրապես ցանկություն չունենք իր հետ հանդիպելու»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում բանակցություններն առավոտից վերսկսվել են։

ՀՀ Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝  Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։

Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին  հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։

Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ։

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին։