Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը հանգուցալուծելու սցենարը լավագույն լուծումը չէ, ապա հաջորդ սցենարը պատերազմն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն ի՞նչ եք առաջարկում, առանց բանակցությունների հեռացնել ադրբեջանական այդ զորքին, միանգամից պատերազմե՞լ, եւ պատերազմել Հայաստանի տարածքում: Եվ այդ պատերազմը չի ավարտվելու այդ 250 հոգուն ոչնչացնելով: Պարզ է չէ՞, որ հայկական կողմը կարող է այդ 250 հոգուն ակնթարթներում ոչնչացնել: Հարցը այն է, թե ինչ է լինելու դրանից հետո: հետեւաբար, ռազմավարական, մարտավարական, նաեւ պետության կառավարման տեսանկյունից պետք է բոլոր գործողությունների հետեւանքները հաշվարկել: Եթե խաղաղ բանակցություններով հարցը չլուծվի, այդ տարբերակը կա, սեղանի վրա է:

Ես նաեւ այդ իմաստով եմ ասում, որ այս խնդիրը որեւէ կերպ չպետք է ներքաղաքական շահարկումների կամ քաղաքական պայքարի թեմա դարձնենք»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ սա այն Հայաստանը չի, որ եղել է մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը. «Սա հետպատերազմյան Հայաստան է, որը պատերազմը տանուլ է տվել: Եթե մինչեւ սեպտեմբերի 27-ի Հայաստանը լիներ, այդ 250 հոգին չհասցնեին այդտըեղ հասնել, բոլորը խփվեին: Լավագույն լուծումը կլիներ ինձ համար գերեվարել այդ 250 հոգուն եւ  փոխանակել մեր գերիների հետ: Մեր սահմանը հատել են, հարուցել քրվգործ, ներգրավել նրանց այդ գործով»,-ընդգծեց Մարուքյանը: