«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումները Արցախի հարցում, Մեծ Բրիտանիայի Ադրբեջանում դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան` «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին: