Այս պահին արդեն փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ վարչապետը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին փոխհամաձայնության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։ Հայաստանի սուվերեն տարածքի հետ կապված, սա ՀԱՊԿ տարածք է համարվում, ինչի հետ կապված էլ դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Երեկ իրավիճակն այլ էր, մի քանի ժամ առաջ՝ այլ։ Երեկ մենք սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը հետ կգնան, և դրա հետ կապված քննարկումներ փոխհամաձայնություններ կային։ Այսօր տեղաշարժ չկա, ուստի դրանից ելնելով էլ վարչապետը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը մեր պայմանագրի շրջանակում օգնության հարցով»,- ասաց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավոր է ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, Սիմոնյանը նշեց, որ այս պահին նման բան ասել չի կարելի․ «Որևիցէ կրակոց և ընդհարում այս պահին չի եղել, և տարբեր տեղաշարժեր տեղի են ունենում նաև այնտեղ, և այս պահին նման հայտարարություն անելն անընդունելի է»։ 

Հարցին, թե ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր է, որ սպասվող ընտրությունները չեղարկվեն, Սիմոնյանը պատասխանեց, որ նման հարց այս պահին չի քննարկվում․ «Կա շատ ավելի կարևոր հարց, որն այս պահին արագ լուծման կարիք ունի»: