Դա մեր գաղափարն են գողացել, Հայաստանում գաղափարագողությունը տարածված մեթոդ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով գաղափարին, որ առաջարկվում է քաղաքական ուժերին մեմորանդում ստորագրել, որ եթե անցնեն խորհրդարան, ոչ մի դեպքում կոալիցիա չեն կազմի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ, որ նա մեծամասնություն չստանա:

«Առաջին ուժը, որ հայտարարել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու կոալիցիա չի կազմի եւ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու կոալիցիա չի կազմի, դա եղել է «Լուսավոր Հայաստանը»: Հիմա այն ուժերը, որոնք ուզում են Ռոբերտ Քոչարյանին դարձնեն վարչապետ, ասում են՝ դե եկեք ստորագրենք, որ Նիկոլ Փաշինյանին բացառում ենք: Դե թող ստորագրեն նաեւ, որ բացառում են, որ Հայաստանը հետ կտանեն եւ նախկին իշխանության որեւէ լիդերի հետ կբերեն»,-ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի պատգամավոր էր, Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մի նախագիծ էր բերել եւ ասում էր, եթե ՀԱկ-ը չմիանա, ուրեմն իսկական ընդդիմություն չի:

«Այն ուժերը, որոնք ուզում են բացառել Նիկոլ Փաշինյանին, պետք է նաեւ հասկանան, որ իրենք նույնպես բացառված են, իրենց դեմ եղել է հեղափոխություն: Մարդիկ իրենց հաշվին խոզի միս են առել, փողոցում խորոված են արել իրենց հեռացնելու առիթով: Եթե իրենք մտածում են, որ կարող են հետ վերադառնալ, դա ուղղակի աբսուրդ է: Ուզում եմ ասել, որ այդ հնացած մեթոդները չեն գործելու»:,-ասաց Մարուքյանը: