Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Սեւ լճի շրջան, հանդիպել հարեւան գյուղերի բնակիչների հետ: Դիտարկման արդյունքներով կազմված զեկույցները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին: Այս մասին Թաթոյանը հայտնել է լրագրողներին հետ զրույցում:

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերի գործողությունները որակել է որպես հանցավոր ներկայություն: «Դա Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների կոպիտ խախտում է: Ադրբեջանցի զինվորականները եկել են կեղծ քարտեզով: Բացի այն, որ սահմանագծում եւ սահմանազատում տեղի չի ունեցել, նրանք նաեւ առաջնորդվում են խորհրդային շրջանի սահմանների բացահայտ կեղծ քարտեզներով», - նշել է ՄԻՊ-ը:   

Թաթոյանն ընդգծել է, որ այդ գործողությունների արդյունքում բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից եւ զրկվել են խմելու ջրի հասանելության իրավունքից. ադրբեջանցի զինվորականները միաժամանակ փորձում են ահաբեկել խաղաղ բնակիչներին. «Նրանց ներկայությունը ուղղակի սպառնալիք է մարդկանց կյանքի եւ առողջության, Գորիս եւ Սիսիան քաղաքաների, ինչպես նաեւ գյուղերի բնակիչների խմելու ջրի հասանելիության իրավունքի տեսանկյունից»:

Այս կապակցությամբ Արման Թաթոյանը ընդգծել է անվտանգության գոտի ստեղծելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ, այսպես կոչված, «վիճելի տարածքներից» ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

«Բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները: Բնակիչների մեծ մասի համար անասնապահությունը եկամտի միակ աղբյուրն է: Այս գործընթացների արդյունքում բնակիչները զրկվել են արոտավայրերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ, պետք է հիշել, որ ադրբեջանցի զինվորականների գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ ամեն օր հայատյացություն է սերմանում: Ադրբեջանը բանավոր խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ճիշտ հակառակ կերպ՝ հայերին մեղադրելով: Ո՞վ է տարածաշրջանում խաղաղության սպառնալիքներ ստեղծողը: Այսպիսինն է Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը: Նրանք մի բան անում են, խոսում՝ մեկ այլ բան, կեղծում իրականությունը», - նշել է Արման Թաթոյանը:  

ՄԻՊ-ը հայտնել է, որ կայցելի նաեւ Գեղարքունիքի մարզ: Դիտարկման արդյունքներով կազմված զեկույցները կներկայացվեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարներին, Եվրոպայի խորհրդին եւ կուղարկվեն ԵԱՀԿ: