«Մայրիկ» շարժումը քայլերթ է իրականացնում Երեւանում։

Շարժման անդամները կոչ են անում հայ մայրերին միանալ շարժմանը, քանի որ Ադրբեջանում խեղում են հայ զինվորներին, ֆիզիկական ցավ պատճառում նրանց։

«Ադրբեջանում խեղում են մեր զավակներին, մորթում են, ֆիզիկական ցավ են պատճառում մեր զավակներին։ Մեզ համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է ապրել, երբ հարյուրավոր տղաներ գերեվարված են մեր թշնամի երկրում, ինչպես կարելի է չկարեկցել նրանց ծնողների ցավին, ինչպես կարելի է բողոքի մեծ ալիք չբարձրացնել։ Մենք չենք կարողանում անտարբեր լինել այդ մայրերի ցավի նկատմամբ։ Բանը հասնում է մի իրավիճակի, որ նույնիսկ անընդհատ հետեւում են այդ մայրերին, որ իրենք իրենց մի վնաս չտան»,- հայտարարեց «Մայրիկ» շարժման նախաձեռնողներից մեկը։

Շարժման անդամներն իշխանությունից, հանրությունից պահանջում են արթնանալ թմբիրից եւ անել ամեն ինչ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։