Մենք այսօր Սյունիքում պատերազմից հինգ րոպե առաջ ենք և այստեղ չկան մարդիկ, որոնք փակ կամ բաց ռեժիմով կպատասխանեն հարցերի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մի քանի օր է խախտվել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ես ամեն օր կապ եմ ունենում Սյունիքի համայնքապետների հետ, քիչ առաջ խոսել եմ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ․ իրավիճակը լարված է։ Պարոն Ապիտոնյան, խնդրում եմ Ձեր ելույթի ժամանակ պատասխանել՝ որտեղ է պաշտպանության նախարարը։ Ես հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում լանչ է անում, ժամանակ չունի պատասխանելու շատ կարևոր հարցերի»,- ասաց նա։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատարը մի քանի օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ առաջնագծի կահավորման հետ որևէ խնդիր չունենք։

«Որտե՞ղ էր մեր բանակը, որ ադրբեջանական բանակի 250 ներկայացուցիչ 3․5 կիլոմետր հատել են Հայաստանի պետական սահմանը՝ առանց մեկ կրակոցի, ճեմելով։ Վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրից օգտվում են Գորիսը և ևս ինը հարակից բնակավայրեր։ Այս պահին Սիսիանը և Գորիսը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետերի տակ։ Հատվել է Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչո՞ւ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները որպես դիվերսանտներ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։