Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե մեր հանրապետության տարածքը քանի քառակուսի կիլոմետր է. շատ բարդ է այդ մասին խոսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մեր պետությունն իսկապես այնքան թուլացել է, որ ամեն օր կարող ենք հանդիպել այսպիսի գործընթացների: Հստա՞կ է, որ իշխանությունները կարող են այս հարցերին եւ նմանատիպ հարցերին լուծում տալ, թե՞ հստակ չի: Թե՞ կարող է մի օր գա, որ ռազմաքաղաքական դիվանագիոտթյունը վերջանա, հետո ասենք՝ այսքան օրվա պատերազմ եղավ եւ արդեն մեր տարածքներն ենք տալիս: Եթե մենք ուզում ենք հաշտվել հայրենիքի կորստի հետ, դրա մասին պետք է ասել՝ մեզ մոտ չի ստացվում, մենք չենք կարողանում մեր հայրենիքի  սահմանների անձեռնմխելիությունը պահել: Իսկ դրան պետք է հետեւեն քայլեր: Պետք է հիմա հայտարարվի, որ գոնե մինչեւ հունիսի 20-ը մենք որոշակի երաշխիքներ կարող ենք տալ, որ որչեւէ բան չի լինելու, որեւէ հայրենազրկում չի լինելու: Որովհետեւ հույս ունենանք, որ հունիսի 20-ից հետո իշխանափոխություն կլինի»,-հայտարարեց Մելքումյանը:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի ներկայությանը Սյունիքում, նա ասաց. «Ես վերահաստատում եմ, որ ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումների առկայությունը Սիսիանում եւ Մեղրիում ապահովում են նվազագույն ռիսկեր, բայց եթե սա դառնա սովորություն, մենք ընդամենը մեղմ դիվանագիտության փորձենք կանխարգելել, ինչ ենք ունենալու արդյունքում: Մենք պետք է կարողանանք ձեւավորել նորմալ պետություն, որ կարողանանք մեր պետության եւ ազգային դիմադրողականությունը բարձրացնել»: