«ՀԱՄԱՍ» շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին հայտնել է, որ դեէսկալացման առաջին պահանջը հրադադարի ռեժիմն է, հայտարարել է Պաղեստինի սահմաններից դուրս շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիան, Կատարը եւ Եգիպտոսը ջանքեր են գործադրում՝ դեէսկալացման եւ Գազայի հատվածում եւ Երուսաղեմում Իսրայելի հարձակումների կասեցման համար»,- ասել է Մաշաալը: «ՀԱՄԱՍ»-ի պահանջները ներառում են իսրայելական անվտանգության պաշտոնյաների դուրսբերումն Ալ-Աքսա մզկիթից, հավատացյալների ազատ մուտքն այնտեղ, Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների վտարման դադարեցումը եւ վերջին սրացման ընթացքում ձերբակալված բոլորի ազատ արձակումը: «Մենք միջնորդներին տեղեկացրել ենք, որ առաջին պահանջը ագրեսիայի դադարեցումն է»,- ասել է Մաշալը:

Միեւնույն ժամանակ, «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թեւը՝ «Ալ-Քասամ» բրիգադը, հայտարարել է իսրայելական Բեէր-Շեւի եւ Աշդոդ քաղաքների գնդակոծման մասին՝ Գազա քաղաքում Ալ-Շաթի փախստականների ճամբարի վրա իսրայելական ավիահարվածին ի պատասխան:

Ավելի վաղ Իսրայելը գրոհել էր Գազայում գտնվող Ալ-Շաթի փախստականների ճամբարը, ինչի արդյունքում 8 մարդ էր զոհվել: