Կիպրոսի իրավաբանական ծառայությունը «ոսկե անձնագրերի» տրամադրման իրավախախտումների հետաքննության հանձնաժողովի զեկույցի շրջանակներում օտարերկրյա ներդրողների եւ գործարարների հպատակագրման հետ կապված առաջին քրեական գործն է հարուցել։ Ինը անձի՝ հինգ ֆիզիկական եւ չորս իրավաբանական, մեղադրանք է ներկայացվել, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ, գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, ոստիկանությունը, Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, քննում է «Կալոգիրուի կոմիտեի» եզրակացությունից բխող այլ դեպքեր, դրանց մի մասը վերջին փուլում է եւ, ինչպես սպասվում է, առաջիկայում կփոխանցվի իրավաբանական ծառայությանը՝ ուսումնասիրման եւ ցուցումներ ստանալու համար, ասված է հաղորդագրության մեջ:

Կիպրոսը նոյեմբերի 1-ից չեղյալ է հայտարարել Կիպրոսի ներդրումային ծրագիրը, որի համաձայն` օտարերկրացիները կարող էին երկրի քաղաքացիություն ստանալ ներդրումների դիմաց: Ծրագիրը գործում էր 2013 թվականից, բերել է շուրջ 8 միլիարդ եվրոյի ներդրում, իշխանությունները շուրջ 4000 «ոսկե անձնագիր» են տրամադրել նրանց, ովքեր 2,5 միլիոն դոլար են ներդրել տնտեսության մեջ:

Ապրիլի 28-ին հրապարակվել է, այսպես կոչված, «Կալոգիրուի կոմիտեի» անկախ միջանկյալ զեկույցը, կոմիտեն ստեղծվել է 2007թ. հուլիսի 11-ից մինչեւ 2020թ. օգոստոսի 17-ը օտարերկրյա ներդրողների եւ ձեռնարկատերերի հպատակագրումն ուսումնասիրելու համար: Այն գլխավորում է արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի նախագահ Դիմիտրա Կալոգիրուն:

Զեկույցում ասվում է, որ Կիպրոսի կառավարությունը 13 տարիների ընթացքում ապօրինի կերպով քաղաքացիություն է շնորհել ներդրողների եւ խոշոր ընկերությունների ղեկավարների գրեթե 3,5 հազար հարազատներին՝ Կիպրոսի ներդրումային ծրագրի շրջանակներում, որը նախատեսված էր ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու համար: Կոմիտեն խախտում է համարել նաեւ կիպրոսյան անձնագրերի տրամադրումը այն անձանց, ովքեր հպատակագրվել են որպես Կիպրոսում ներդրումներ կատարած ընկերությունների մենեջերներ, քանի որ նրանք ներդրողներ եւ/կամ ձեռնարկատերեր չեն հանդիսանում: