Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը բանակցություններ է վարել Իսպանիայի արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Մարիա Ռեյես Մարոտոյի հետ, ով նաեւ իրանա-իսպանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահն է, գրում է Tasnim news-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը տնտեսական եւ առեւտրային ոլորտներում: Զարիֆն անդրադարձել է երկու երկրների համագործակցության մեծ ներուժին, հատկապես՝ առեւտրի, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաեւ օդային եւ ծովային տրանսպորտի ոլորտներում:

Նա ընդգծել է այդ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու եւ նորացնելու անհրաժեշտությունը` առկա խոչընդոտները վերացնելու եւ երկու կողմերի կարողություններին համարժեք խնդիրներ դնելու ճանապարհով:

Իսպանացի նախարարը, իր հերթին, ընդգծել է Թեհրան-Մադրիդ հարաբերությունների կարեւորությունը` նշելով, որ Իսպանիան շահագրգռված է երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակներում Իրանի հետ տնտեսական եւ առեւտրային կապերն ընդլայնելու հարցում: Նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսային ճգնաժամի ավարտով տնտեսական համագործակցության նոր դարաշրջան կսկսվի: