Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ իր ելույթում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս։ Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առջև։ Դրա վառ ապացույցն է օրերս թշնամու անարգել ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Այս սպառնալիքը հաղթահարելու միայն մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հնարավորությունները և կարողությունները, իրականացնել նվիրական և հետևողական աշխատանք»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ իրենք լսելու և հասկանալու են մեր Հայաստանի իրական խնդիրները և համատեղ ջանքերով հաղթահարելու դրանք։

«Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, և մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է։ Մենք ամրագրելու ենք, որ գիտենք, կարող ենք և կանենք։ Այլ տարբերակ չկա։ Բավական է արդեն։  Սիրելի ժողովուրդ, իմ կոչը քեզ՝ ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք։ Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը և ամբողջ հայ ժողովրդին։ Պատիվ ունեմ»,- ավելացրեց Արթուր Վանեցյանը։