Սպիտակ տունը կապվել է իսրայելական իշխանությունների հետ՝ Գազայի հատվածում շենքին հասցված ավիահարվածից հետո, որտեղ գտնվում էր Associated Press տեղեկատվական գործակալության եւ «Ալ Ջազիրա» ալիքի գրասենյակը, հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք Իսրայելին ուղղակիորեն հայտարարել ենք, որ լրագրողների եւ անկախ լրատվամիջոցների անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է»,- գրել է նա Twitter-ում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածում շենքին, որտեղ տեղակայված էին տեղական եւ միջազգային լրատվամիջոցների գրասենյակները՝ պնդելով, որ շենքում է գտնվում ՀԱՄԱՍ շարժման հետախուզական շտաբը: Լրագրողները նախքան հարձակումը լքել էին շենքը, քանի որ նախապես տեղեկացված էին սպասվող գործողության մասին: