ՄԱԿ-ն անդադար աշխատում է բոլոր կողմերի հետ, որպեսզի իրավիճակը դարձյալ հանդարտվի: Այդ մասին կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի մերձարեւելյան խաղաղ գործընթացի հարցերով համակարգող Թոր Վենեսլանդը՝ Անվտանգության Խորհրդի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով բարձր մակարդակում արտահերթ նիստի ժամանակ ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ մերձարեւելյան «քառյակի» անդամները (ՄԱԿ, ԵՄ, Ռուսաստան եւ ԱՄՆ) եւ ներգրավված մյուս կողմերը չպետք է թույլ տան, որպեսզի Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակազդեցությունը վերածվի քաոսի: Դիվանագետը կոչ է արել մերձարեւելյան «քառյակին», առանցքային արաբական եւ միջազգային գործընկերներին, ինչպես նաեւ Պաղեստինի ու Իսրայելի առաջնորդներին վերադառնալ առարկայական բանակցություններին: «Միջազգային հանրությունը կարեւոր դեր է խաղում: Այն պետք է ձեռնարկի գործողություններ այս պահին, որպեսզի կողմերը հետ վերադառնան անդունդի եզրից»,-եզրափակել է հատուկ համակարգողը: