Ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը, ՔԿԱԳ-ի որեւէ ծառայության համար այլեւս որեւէ տուրք չեն վճարելու կենսաթոշակառուները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հաշմանդամը երեխաները, անապահովության գնահատման համակարգում ներառված անձինք եւ ռազմական  գործողությունների մասկաիցները, նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, մահացած ճանաչված քաղաքացիների զավակը, ամուսինը կամ ծնողը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով, ՔԿԱԳ ծառայություններից յուրաքնաչյուր տեղեկանքի համար 2 հազար դրամի տուրքը հանվել է, նաեւ ամուսնության գրանցման համար պետական տուրք այլեւս չի գանձվի: Դա տարածվում է տարեկան մոտ 15 հազար ամուսնական զույգերի վրա:

«Նաեւ առցանց գրանցման դեպքում պետտուրք չի նախատեսվի անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար: Խոսքը 3 հազար դրամ տուրքի մասին է:  Բացի այդ գրեթե բոլոր ծառայությունների ժամկետները կրճատել ենք: Մասնավորապես, անվան փոփոխության համար մինչեւ 5 ամիս տեւող  ժամկետը կրճատվել է մինչեւ 15 աշխատանքային օր, նախատեսում ենք էլ ավելի կրճատել: Ուղղում, փոփոխություն, վերանկանգնման համար 4 ամիսը կրճատել ենք 15 օր:

Նախատեսում ենք ծառայությունների մի մեծ մասը թվային եղանակով մատուցվի: Ընդ որում թղթային փաստաթղթեր այլեւս քաղաքացիներին չենք տալու, այլ ուղարկելու ենք գրանցված ակտը քաղաքացու էլփոստին»,-ասաց փոխնախարարը: