Թեհրանը բացառում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործումը վերսկսող որեւէ նախնական համաձայնագրի կնքման հնարավորությունը Վիեննայում ընթացող բանակցություններում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Վիեննայի բանակցություններից ԳՀՀԾ վերականգնման ոչ մի նախնական համաձայնագիր դուրս չի գա»,- նշել է Խաթիբզադեն, որի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։ Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «ոչ մի համաձայնագիր չի կնքվի, եթե չկատարվեն (Թեհրանի) բոլոր պայմանները»։

Խաթիբզադեն հավաստել է, որՎիեննայում «երեք առանձին աշխատանքային խմբեր դեռեւս զբաղվում են համապատասխան հարցերով»։ Նրա խոսքով՝ «չլուծված խնդիրների մի զգալի տոկոս արդեն դիտարկվել է այդ խմբերում, բայց որոշ հարցեր քաղաքական լուծումներ են պահանջում»։

Վիեննայում տեղի են ունենում բանակցություններ ԱՄՆ-ին եւ Իրանին ԳՀՀԾ վերադարձնելու շուրջ։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. որոշում էր ընդունել միջուկային գործարքից դուրս գալու մասին։ ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից 2015թ.՝ իսլամական հանրապետության միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորման նպատակով։

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը քանիցս ազդարարել է ԱՄՆ-ը ԳՀՀԾ վերադարձնելու պատրաստակամության մասին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 2-ին Ֆրանսիայի իր պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել էր, որ ԳՀՀԾ-ն պահպանելու միակ միջոցը Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկումն է։