«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթին սպանելու 100-ամյակի կապակցությամբ միջոցառման ընթացքում Զարուհի Փոստանջյանն ասել էր. «Նիկոլ, գալու ենք հետեւիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց եւ գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Մի գուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու եւ գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիեւը…»։

Այս հայտարարություններում իրավապահ մարմինները գտել են բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչերի առերեւույթ հատկանիշներ եւ տվել քրեաիրավական գնահատական։

Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։