Բրիտանիայի կառավարությունը կոչ է արել Իսրայելին ապահովել «ՀԱՄԱՍ»-ի դեմ իր ռազմական գործողությունների «համաչափությունը»՝ «խոր մտահոգություն» հայտնելով Գազայում ԶԼՄ-ների գրասենյակների եւ այլ քաղաքացիական օբյեկտների ոչնչացման կապակցությամբ», հայտնում է AP- ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակ Մաքս Բլեյնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «կապի մեջ է ԱՄՆ-ից եւ ՄԱԿ-ից իր գործընկերների հետ եւ Իսրայելի կառավարությունից լրացուցիչ տեղեկություններ է խնդրում հարձակման մասին, որի արդյունքում ոչնչացվել էր բարձրահարկ շենքը, որում գտնվում էին Associated Press-ի գրասենյակները եւ այլ մեդիա գրասենյակներ:

«Մենք խորապես մտահոգված ենք ՄԱԿ-ի հաղորդումների կապակցությամբ այն մասին, որ Գազայում ոչնչացվել կամ վնասվել է 23 դպրոց եւ 500 տուն, ինչպես նաեւ բժշկական հաստատություններ եւ լրատվամիջոցների գրասենյակներ»,- ասել է Բլեյնը: Նա հավելել է, որ «Իսրայելը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար, իսկ ռազմական գործողությունները պետք է լինեն համաչափ»:

Բլեյնը նաեւ նշել է, որ Բրիտանիան անհանգստացած է, որ «ՀԱՄԱՍ»-ը «քաղաքացիական տարածքները որպես պաշտպանություն է օգտագործում»: