ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը որոշել են ժամանակավորապես դադարեցնել այն միջոցառումները, որոնք ընկած են պողպատի տուրքերի հետ կապված տարաձայնությունների հիմքում։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի խոսքով՝ այս որոշումը համահունչ է անդրատլանտյան հարաբերությունների վերսկսման ջանքերին: «Միջոցառումների կասեցումը տարածք կստեղծի այդ հարցերի մինչեւ տարեվերջ լուծման համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տուրքեր էր սահմանել ԵՄ-ից պողպատի եւ ալյումինի ներկրման համար, ինչը զայրացրել էր եվրոպացիներին եւ մյուս դաշնակիցներին: Եվրոպան արձագանքել էր ԱՄՆ արտադրության մոտոցիկլետների, բուրբոնի, գետնանուշի յուղի, ջինսերի եւ այլ ապրանքների տուրքերը բարձրացնելով: