Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով անցած տարվա հունիսից հետախուզվող երկու երիտասարդ թաքնվում են Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։ Տեղեկությունը հավաստի էր։ Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանում հաշվառված՝ 22, և Թալինում հաշվառված՝ 31 տարեկան երկու տղամարդիկ, որոնք հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։