Ֆրանսիան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որ արվել է արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հեռախոսային բանակցությոեւնների արդյունքներով:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ նախարար Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց հանձնառությունը: Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է իրավիճակին եւ կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը հասնելու համար»:

Ինչ վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո չլուծված հարցերին, ներառյալ բոլոր հայ գերիների ազատ արձակումը, Ֆրանսիան ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո կրկին բարձր մակարդակով, համանախագահների հովանու ներքո ուղիղ երկխոսության կոչ է անում` տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորող համապարփակ համաձայնագիր կնքելու նպատակով բոլոր խնդիրները քննարկելու համար: