ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հաղորդակցության նոր եղանակ են մշակել: Գիտնականները կաթվածահար հիվանդի ուղեղում իմպլանտներ են տեղադրել եւ, ալգորիթմի օգնությամբ առաջին անգամ վերծանել են նեյրոնային ազդանշանները, որոնք կապված են առանձին տառեր գրելու հետ: Իսկ այնուհետեւ կարողացել են իրական ժամանակում տեղափոխել դրանք էկրանին: Տեքստը հավաքելու արագությունը րոպեում 90 նիշ է կազմել, մոտավորապես նույն արագությամբ մարդիկ հաղորդագրություններ են գրում սմարթֆոններում, հաղորդում է HighTech+-ը:

Սթենֆորդի համալսարանի գիտնականների խումբը վերծանել է խոսքի հետ ասոցացված նեյրոնային ակտիվությունը եւ ուղեղում իմպլանտներ ունեցող պացիենտների համար մտքի ուժով կուրսորի շարժումը էկրանին վերահսկելու միջոց է գտել: Կաթվածահարները կարողացել են կուրսորը դնել խորհրդանիշի վրա եւ սեղմել այն րոպեում 40 նիշ արագությամբ, ասում է Science Daily-ն:

Սակայն այնուհետեւ գիտնականները մտահղացել են դիմել գրելու հմտությանը: Նրանք կամավորի՝ ողնաշարի վնասվածք ունեցող, պարանոցից ներքեւ անդամալույծ 65-ամյա տղամարդու ուղեղի մեջ ձեռքի եւ դաստակի շարժումները վերահսկող փոքրիկ չիպեր են տեղադրել: Երբ նա պատկերացրել է, թե ինչպես է տառեր գրում, նեյրոններից ազդանշանները ուղարկվել են ուղեղին, իսկ մեքենայական ուսուցման ալգորիթմը ճանաչել է օրինաչափությունները:

Արդյունքում տղամարդը կարողացել է շփվել նույնքան արագ, ինչպես իր տարիքի տղամարդը սմարթֆոնում հաղորդագրություններ է գրում: Տեքստը էկրանին հայտնվել է րոպեում 90 նիշ արագությամբ, ինչը ավելի քան երկու անգամ արագ է նեյրոնային ինտերֆեյսի նախորդ ռեկորդից:

Ինտերֆեյսի արագությունը բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր տառն առաջացնում է ակտիվության որոշակի եւ լավ տարբերակելի օրինաչափություն, որը ալգորիթմի համար բավականին հեշտ է ճանաչել:

Սթենֆորդի գիտնականների մշակումը անհրաժեշտ վերանայումից հետո թույլ կտա առանց ձեռքերը օգտագործելու արագ տեքստ մուտքագրել: Հետագայում նրանք նախատեսում են ինտերֆեյսը փորձարկել խոսելու ունակությունից զրկված պացիենտների, օրինակ՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների վրա։