NEWS.am–ի տեղեկություններով՝  արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԱԾ–ին՝ հետևել ուժային կառույցների ղեկավարներին, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ոստիկանապետ Վահե  Ղազարյանին։ Մեզ հայտնի է դարձել, որ վերջին շրջանում վարչապետն անվտահություն ունի այս կառույցների ղեկավարների նկատմամբ և մտահոգված է, որ քաղաքական հնարավոր զարգացումների դեպքում նրանք այլևս չեն ենթարկվի իրեն։ Բանն այն է, որ այս կառույցների ղեկավարները վերջին շրջանում փորձում են հնարավորինս չեզոքություն պահել, որպեսզի հնարավոր իշխանափոխության դեպքում խուսափեն ենթադրյալ վենդետայից։ Պարզվում է, այս ընթացքում գլխավոր դատախազի շրջապատի մարդիկ նրան զգուշացրել են հնարավորինս քիչ հրապարակային ելույթներ ունենալ և ռիսկի տակ չդնել իր և դատախազության պաշտոնյաների անվտանգությունը։ Արթուր Դավթյանը ևս անհանգստանում է իր անվտանգության համար, քանի որ հասկանում է, որ ներքաղաքական լարվածությունը օրերից մի օր տեղափոխվելու է ուժայինների դաշտ և մեծ է հավանականությունը, որ առաջին թիրախը հենց ինքը դառնա։ Իրենց անվտանգությամբ մտահոգված են նաև դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։

Թեև գլխավոր դատախազը տարբեր առիթներով հայտարարել է, որ ոչ մի դատախազի ոչ ոք չի կարող սպառնալ, սակայն իրականությունն այլ է։ NEWS.am–ի հավաստի տեղեկություններով՝ ամիսներ առաջ իր անձին ուղղված սպառնալիքներ է ստացել դատախազներից մեկը և այդ մասին զեկուցել Արթուր Դավթյանին։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով գլխավոր դատախազության աշխատակցի գործունեությանը միջամտելու վերաբերյալ գլխավոր դատախազին ներկայացված զեկուցագրի հիման վրա կատարված ստուգողական գործողությունների արդյունքում 2021թ. մարտի 2–ին քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածի  2–րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գո8ծողություններ՝ հանցանք կատարած անձին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

NEWS.am–ը գլխավոր դատախազից հետաքրքրվել էր նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում համացանցով կամ այլ եղանակով արդյոք հնչել են իր նկատմամբ այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող են իրական վտանգ ներկայացնել իր կամ ընտանիքի անվտանգության համար։ Ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են, որ այս ընթացքում չեն արձանագրվել դատախազի կամ նրա ընտանիքի անդամների անվտանգությանը սպառնալիք պարունակող այնպիսի հրապարակումներ, որոնք կարող էին ստուգման առարկա լինել կամ որոնցով կարող էր քրեական գործ հարուցվել։ Դատախազությունից նաև տեղեկացրել են, որ գլխավոր դատախազի անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը չի ավելացել։