Ադրբեջանցիները չեն թողելու, որ մենք Սեւ լճից ազատ օգտվենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Ազատության հրապարակում՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Կտեսնեք, որ ջրատար կանցկացնեն, որպեսզի այնտեղ բնակավայր կառուցեն»,- նշեց նա։

Անդրադառնալով աշխարհազորային կազմելու գործընթացին՝ Բագրատյանն ասաց. «Ամեն օր գալու ենք՝ ցուցակագրենք, տանեմ կառավարություն։ 90-ականների սկզբին եղել եմ շարժման անդամ, հետո վարչապետ, գնացել եմ կռիվ։ Այն մնացած ֆուֆլո գեներալները, որ իրենց բայեվիկ են պատկերացնում, բոլորը գոյություն չունեն այսօր։ Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Գեղարքունիքում ավելի են խորացել, որովհետեւ լսել են, որ 2 օրից կլինի բանակցություն, ասում են՝ հիմա խորանանք, որ հետո կես զիջենք, կեսն էլ մեզ պահենք։ Ասում եմ՝ ասում են՝ սուտ էհետո պարզվում է՝ ճիշտ է»։

Բագրատյանը նշեց՝ կդիմեն Կառավարությանը, որ իրենց զենքեր տրամադրեն։ Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի բնակիչներից զենքերը հավաքելու մասին հարցին՝ Բագրատյանն ասաց. «ԳՇ պետը զենքերը հավաքելու կողմնակիցն է։ Արտակ Դավթյանը չի կարող ղեկավարել Պաշտպանության նախարարություն»։

Բագրատյանի խոսքով՝ ավելի լավ է, որ ինքը խուճապ տարածի, քան պաշտոնական սուտ հայտարարվի։

«Նիկոլն ինչո՞ւ չի գնում Սեւ լիճ, թող գնա տեսնի, որ 4 դիրքում էլ ադրբեջանցի են նստած։ Հիմա որ գնա Սյունիք, կթողնեն, որ բարձրանա, նրա՝ ճիշտ ժամանակն է Սյունիք գնալու»,- ասաց նա։