Մեքսիկայի Միչոական նահանգում ավտոբեռնասայլի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել, իշխանությունները հետաքննություն են սկսել, հայտնում է տեղական գլխավոր դատախազության կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարո վարչական շրջանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, ովքեր հաստատել են, որ փոխադրամիջոցում տղամարդկանց եւ մի կնոջ դի կա, ենթադրաբար՝ հրազենային վնասվածքներով: Դրանք հանձնվել են դատաբժիշկներին՝ մահվան պատճառները պարզելու համար: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:

«Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը՝ նպատակ ունենալով պարզել փաստերը եւ հանցագործների ինքնությունը»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:

Universal թերթը գրում է, որ, նախնական տվյալների համաձայն, սպանության հիմքում կարող է կանգնած լինել «Ընտանիքը Միչոականից» (La Familia Michoacana) նարկոկարտելը, որի ցիտադելը Միչոական նահանգն է: