Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արեւելքում չես լուծի, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի դեէսկալացմանը, երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:

Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվեցին Իսրայելի դրոշները:

«Փրփուրը բերանին Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չես լուծի: «ՀԱՄԱՍ»-ն ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մեզ օրենք պարտադրեն»,- հայտարարել է Շալենբերգը:

Նրա խոսքով՝ կառավարությունների, այդ թվում՝ ավստրիականի դեմ ուղղված նման հարձակումներով, որոնք Իսրայելի կողմից են ահաբեկչության դեմ, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց տվեցին «օրենքի իրենց սարսափեցնող ըմբռնումը»:

Ավստրիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

«Նախագահ Էրդողանի այդ անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն՝  Ավստրիայի դիրքորոշումը հստակ կերպով փոխանցելու համար»,- նախարարությունում հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, անցյալ ուրբաթ Իսրայելի դրոշը բարձրացվել էր կանցլերի դաշնային գերատեսչության տանիքին՝ ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի դեմ ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»: Կանցլերի գրասենյակից հետո Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես բարձրացրեց Իսրայելի դրոշը՝ հայտարարելով իր ուժեղ աջակցության մասին Իսրայելի անվտանգությանը: