Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հսկայական փորձ ունեցող հատուկ ծառայություններ են աշխատում հանրապետության իշխանությունների դեմ, եւ վերջիններիս կոչ է արել չթուլանալ:

«Ոչ մի դեպքում չթուլանալ: Ես այդպես էլ հասկանում եմ, տեսնում եմ, որ՝ ապրեք, վերահսկում եք, հետեւում եք իրավիճակին, եւ պատշաճ կերպով արձագանքում եք գլխավոր հարցերին: Բայց դուք պետք է հստակ գիտակցեք, որ մեր դեմ այսօր հսկայական փորձ ունեցող հատուկ ծառայություններ են աշխատում»,- երեքշաբթի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Լուկաշենկոն: Երկրի ղեկավարին մեջբերում է «Sputnik Բելառուսը»:

Նախագահի խոսքով՝ բելառուսական կողմում «ընդհանրապես դեռեւս նորածիններն են՝ համեմատած նրանց հետ»: «Եւ մենք պետք է կանգուն մնանք: Եւ մենք կդիմանանք, եթե չթուլանանք: Քանի որ ճշմարտությունն ու մարդկանց ճնշող մեծամասնությունը մեր կողմն են»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Նախագահը նշել է, որ Բելառուսում բլիցքրիգի ձեւով խռովության փորձը, ինչպես նաեւ դրա հետագա փուլերը, հաղթահարվել են: «Համոզված եմ, որ մենք կհաղթահարենք մնացած բոլոր դժվարությունները: Միեւնույն ժամանակ պետք է հիշել, որ մեզ համար գլխավորը տնտեսությունն է»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ երկրում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների էությունն ու պատճառները հասկանում է Բելառուսի բնակչության մեծամասնությունը: «Այսօր նույնիսկ նրանք, ովքեր լաց էին լինում. «Բռնություն ախ, բռնություն», հասկացել են, թե ինչ էին ուզում նրանք, ովքեր այն ժամանակ՝ օգոստոսին, փողոց էին հանում, տեսան, թե ինչպես վարվեցին: Այսօր արդեն եւ մենք, եւ նրանք համոզված ենք, թե ինչ էին ուզում մեզանից»,- ասել է Լուկաշենկոն: